ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 20/01/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ռուսաստանցի հայ գործարարների եւ բարերարների հետ հանդիպման ժամանակ


      Հարգելի հայրենակիցներ,
      Թանկագին բարեկամներ,
      Տիկնայք եւ պարոնայք,

    Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ, ողջունել եւ հաղորդել բոլորիդ իմ խորին հարգանքը:
    Մոսկվայում մեր հայրենակիցների հետ հանդիպումներն արդեն իսկ դարձել են ավանդական, ինչն ամենեւին էլ պատահական չէ: Ռուսաստանը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի դաշնակիցն ու բարեկամը, եւ դուք` լինելով նրա քաղաքացիները, մի յուրօրինակ կամուրջ եք հանդիսանում ձեր երկու հայրենիքների միջեւ, ապրում եւ արարում եք նրանց օգտակար լինելու գաղափարով:
     Այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր միշտ սատարել են Արցախ աշխարհը շենացնելու ու բարգավաճ դարձնելու գործին, ում համար հեռավոր հայրենիքի հոգսը իրենց սեփական հոգսն է, հարազատ ժողովրդի ցավը` իրենց ցավը: Ձեր մեջ վառ է հայրենասիրության զգացումը, որը հրաշքներ է գործել պատերազմի դաշտում եւ որը, վստահ եմ, մեզ կոգեշնչի նաեւ այժմ, քանի որ պակաս կարեւոր չեն խաղաղ պայմաններում մեր առջեւ ծառացած խնդիրները, որոնք նույնպես պահանջում են արագ եւ արդյունավետ լուծումներ:
     Այդպիսի հրատապ խնդիր է հինավուրց հայկական բնակավայրերից մեկի` Շուշիի վերականգնումն ու զարգացումը, քաղաք, որը դարեր շարունակ եղել է Արցախի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կենտրոնը: Մենք ուզում ենք վերակենդանացնել Շուշիի երբեմնի փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, ծաղկուն ու զարգացող: Եվ այն, որ դուք հիմա այստեղ եք, լավագույնս վկայում է, որ ձեզնից յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում, կարեւոր է մեր փոքրիկ հայրենիքի մի մասնիկի` Շուշիի զարգացումը, նրա ներկան ու ապագան, եւ պատրաստ եք ձեր ուժերի ներածին չափով մասնակից լինել այս կարեւորագույն գործընթացին:
    Արցախի հին մայրաքաղաքի վերականգնումը կենսական նշանակություն ունի հայոց անկախ պետականության համար: Պատմականորեն Շուշին բազմաբնույթ դերակատարություն է ունեցել ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի կյանքում: 18-19-րդ դարերում այն հանդիսանում էր նաեւ Անդրկովկասի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական կենտրոններից մեկը:
     20-րդ դարի սկզբներին քաղաքում գործում էին տասնյակ գործարաններ, կրթական ու մշակութային օջախներ, լույս էր տեսնում 22 անուն թերթ` հայերեն եւ ռուսերեն լեզուներով, տնտեսական սերտ կապեր ուներ Ռուսաստանի, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի խոշոր քաղաքների հետ: Շուշին տվել է նաեւ գիտական, մշակութային, ռազմական, քաղաքական գործիչների մի ողջ համաստեղություն:
     Քաղաքի պատմության ամենաողբերգական շրջանը 20-րդ դարի սկիզբն էր: 1905 թվականին քաղաքում կազմակերպվեց հայկական առաջին կոտորածը, որի զոհը դարձան հարյուրավոր անմեղ մարդիկ: 1918-1920 թվականներին Շուշին եղել է Արցախի ազատագրական շարժման կենտրոնը, ինքնակառավարվող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: 1920 թվականին քաղաքը ավերվում է ու հայաթափվում:
     Արցախյան պատերազմի տարիներին Շուշին դարձել էր ադրբեջանական ամենախոշոր ռազմական հենակետերից մեկը` մահ սփռելով մայրաքաղաք Ստեփանակերտի եւ հարակից հայկական բնակավայրերի վրա:
     1992 թվականի մայիսի 9-ը շրջադարձային եղավ եւ Արցախի, եւ համայն հայության համար. ազատագրվեց Շուշին, ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցների սրտերում: Սարդարապատից հետո սա մեր ամենամեծ հաղթանակն էր, հաղթանակ եւ ռազմական, եւ հոգեբանական տեսակետից:
    Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ արթնացրեց հավատը սեփական ուժերի հանդեպ, համախմբված ու միասնաբար հաղթանակի հասնելու վստահությունը, ազատ ու անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Այս մեծ հաղթանակը համահայկական էր իր բնույթով: Շուշիի ազատագրմանը մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը նյութական ու բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախին եւ աղոթում Աստծուն` պատմական արդարությունը վերականգնելու խնդրանքով:
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Շուշի քաղաքի եւ ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ եւ գերատեսչություններ` հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը եւ մի շարք այլ օղակներ: Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը:
    Շուշիի շենացման գործում մեծ դեր են կատարում տարբեր հիմնադրամներ ու կազմակերպություններ, անհատ բարերարներ, ում մեր ժողովուրդը խորապես երախտապարտ է: 
   Բարեկամներ, անելիքները Շուշիում շատ են եւ բազմաբնույթ` բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցում եւ վերանորոգում: 
   Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը եւ միակամությունը` ազգային արժեքների պաշտպանության, անկախ եւ ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել նաեւ այս խնդիրը եւ արձանագրել մեր ընդհանուր հերթական հաղթանակը:
Շնորհակալություն:

Մոսկվա, 25 հոկտեմբերի 2009 թ.

 

2009-10-25



2021-06-30Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Ամենամյա հաղորդումը Ազգային ժողովի նիստում
2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign