ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը

    Հարգելի ներկաներ

   Մեր այսօրվա հանդիպման հիմնական խնդիրն այն է, թե ինչպես ավելի արդյունավետ եւ օպտիմալ դարձնել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:
Կայացած տեղական ինքնակառավարման համակարգը հզոր գործոն է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարական կառավարման հիմքերի ամրապնդման գործում:
    Նման համակարգ ունենալու համար մեր հանրապետությունում առկա են բավարար պայմաններ: Որպես հիմնական նախապայման հանդես է գալիս ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը, որտեղ ունենք շոշափելի առաջընթաց: Դրա լավագույն վկայությունը 1998 թվականից ի վեր Արցախում միջազգային չափանիշներին համապատասխան անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են:
     Կարող ենք արձանագրել նաեւ, որ արդեն իսկ ձեւավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ, կուտակվել աշխատանքային փորձ: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է փաստել, որ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը դեռեւս ցանկալի մակարդակի վրա չէ:
     Ավելին, մեր պետության կառավարման համակարգում տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են թույլ օղակներից մեկը, ինչն արտահայտվում է հատկապես վարչական ոլորտում: Բավարար չափով չէ զարգացած կապը ինչպես տեղական, շրջանային եւ հանրապետական մարմինների, այնպես էլ շրջանային կառավարման օղակների միջեւ: Շատ դեպքերում համայնքների ղեկավարները նույնիսկ չեն տիրապետում իրենց ղեկավարած օղակներում տիրող իրավիճակին: Նրանցից ոմանք տեղեկատվություն չունեն անգամ իրենց գյուղերում արտադրվող ապրանքների ծավալների մասին: Զգալի տարբերություններ են լինում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին նրանց ներկայացրած ցուցանիշների եւ իրական թվերի միջեւ: Հաճախ այդ անհամապատասխանությունը հասնում է մինչեւ 50 տոկոսի: Տեղերում թերանում են նույնիսկ պատշաճ ձեւով վարել տնային տնտեսությունների, բնակչության թվաքանակի եւ այլ կարեւոր ցուցանիշների հիմքը հանդիսացող համայնքի գրքերը: Այսպիսի վիճակ է տիրում նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ բնակչության թիվը չի անցնում մի քանի տասնյակից: Քչերն են գիտակցում, որ համայնքը` իր բոլոր բնութագրիչներով հանդերձ, այն սկզբնական օղակն է, որի վրա խարսխվում է մեր ամբողջ տնտեսությունը:
      Այս հարցերի լուծումը լրացուցիչ ջանքեր չի պահանջում, այլ պատասխանատվություն ու կազմակերպվածություն, ինչը հենց օրենքի պահանջ է:
     Արդյունավետ գործող տեղական ինքնակառավարման համակարգ կարելի է կառուցել բավարար տնտեսական ներուժի շնորհիվ: Հենց այդ պատճառով էլ անչափ կարեւոր եմ համարում տեղական բյուջեի կատարման ուղղությամբ համայնքների ղեկավարների աշխատանքը: Այդ գործում մեծ է նաեւ շրջանների վարչակազմերի դերը:
      Ուզում եմ նշել, որ մուտքերի ապահովման գծով տեղական բյուջեի կատարումը այսօր լուրջ խնդիր է գյուղական գրեթե բոլոր համայնքների համար: Վարձակալված հիմունքներով հողօգտագործող համայնքի անդամների, ինչպես նաեւ այլ ֆիզիկական անձանց անշարժ գույքի նկատմամբ իրավունքները չեն գրանցվել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանմունքում, եւ բնականաբար չունեն վկայականներ, որով խախտվել են ԼՂՀ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենսդրության պահանջները: Սրա հետեւանքով համայնքային բյուջեները, մասնավորապես եկամտային մասով, կազմվում եւ հաստատվում են չհիմնավորված եւ ոչ իրատեսական: Դա խոչընդոտ է հանդիսանում օրենքով իրենց վերապահված պարտադիր եւ կամավոր պարտականությունների լիարժեք իրականացման համար:
     Այսպես, Ասկերանի, Շահումյանի եւ Շուշիի շրջաններից բացի մյուս բոլոր շրջանները 2007 թվականին չեն ապահովել բյուջեի կատարումը սեփական եկամուտների հավաքագրման գծով, այն դեպքում, երբ բոլոր շրջաններին դոտացիաները հատկացվել են ամբողջ ծավալով:
      Նույն իրավիճակն է շարունակում տիրել նաեւ ընթացիկ տարում: 2008 թվականի ինն ամսվա արդյունքներով շրջաններից ոչ մեկում, բացառությամբ Շուշիի եւ Շահումյանի շրջանների, չեն ապահովվել սեփական եկամուտների մուտքերը: Ընդհանուր առմամբ, այս ժամանակաշրջանում սեփական եկամուտների գծով տեղական բյուջեի կատարումը կազմել է 84,2 տոկոս: Այս վիճակում են գտնվում Ասկերանի շրջանի գյուղական համայնքների ավելի քան 70 տոկոսը, Հադրութի եւ Մարտունու շրջանների գրեթե բոլոր համայնքները, Մարտակերտի շրջանի 44 համայնքներից 20-ը:
     Այս կապակցությամբ ուզում եմ առանձնացնել տեղական հարկերը ժամանակին եւ ամբողջ ծավալով հավաքագրելու հարցը, ինչը պետք է լինի ինչպես վարչակազմերի, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում:
     Պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում համայնքային սեփականության պահպանման եւ օգտագործման նկատմամբ: Շատ դեպքերում համայնքային սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները չեն արտացոլված հաշվապահական հաշվեկշռում:
     Մեկ այլ բացասական երեւույթի մասին եւս. երբեմն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ են ընտրվում այնպիսի անձինք, ովքեր ոչ մասնագիտական, ոչ էլ բարոյական տեսակետից չեն համապատասխանում իրենց զբաղեցրած դիրքին: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ սա պառակտում է առաջացնում համայնքներում եւ ստեղծում անառողջ մթնոլորտ, վտանգում պետական ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի հաջող իրականացումը, ինչն անթույլատրելի է:
   Ստեղծված իրավիճակը շտկելու համար պետք է իրականացնել համալիր միջոցառումներ: Առաջին հերթին անհրաժեշտ է կայուն կապ հաստատել տեղական, շրջանային եւ հանրապետական կառավարման օղակների միջեւ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել բնակչության խնդիրները: Դրա շնորհիվ կառավարման վերին օղակները կարող են լիովին տիրապետել այն բոլոր հիմնախնդիրներին, որոնք առկա են ստորին օղակներում, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց ժամանակին եւ ճիշտ արձագանքելու համար: Այս համատեքստում նպատակահարմար եմ գտնում պարբերաբար դիտարկումներ անցկացնել համայնքներում եւ շրջաններում` ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն: Սա մի գործընթաց է, որի հիմքում ընկած կլինեն ինչպես համայնքներից ստացված տեղեկատվությունները, այնպես էլ իրավիճակի ուսումնասիրությունը եւ բազմակողմանի վերլուծությունը համապատասխան մարմինների ու մասնագետների կողմից:
    Չափազանց կարեւոր է նախաձեռնության ցուցաբերումը ստորին օղակների կողմից: Պասսիվ կեցվածքն անընդունելի է: Անթույլատրելի եմ համարում նաեւ պատասխանատվությունը այլ օղակների, հատկապես վերադասի վրա բարդելու գործելաոճը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ավանդույթ դարձնել շրջանների եւ հանրապետության մակարդակով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համաժողովների անցկացումը` երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, որտեղ պետք է քննարկվեն կատարված աշխատանքների արդյունքները, ներկայացվեն տիրող իրավիճակը, առկա հիմնախնդիրները եւ հետագա անելիքները: Սա լավ խթան կհանդիսանա իրականացված աշխատանքները հանրագումարի բերելու, առկա թերությունները վեր հանելու եւ օպերատիվ կերպով վերացնելու համար:
   Հանրապետության համայնքների ավելի քան 95 տոկոսը գյուղական է: Գյուղատնտեսությունը եղել եւ մնում է մեր տնտեսության առաջնային ճյուղերից մեկը: Այստեղ տարեկան արտադրվում է ԼՂՀ համախառն ներքին արդյունքի զգալի մասը: Ոլորտի ռազմավարական նշանակությունը կայանում է ինչպես պարենային անվտանգության, այնպես էլ երկրի պաշտպանունակության ապահովման մեջ:
    2007 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 23,8 միլիարդ դրամ, ինչը, 2006թ համեմատ, համադրելի գներով աճել է 8,8 տոկոսով:
     Ընթացիկ տարում ճյուղի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության դրական արդյունքները շոշափելի են, ինչը դրսեւորվում է ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների դինամիկայով: 2008 թվականի ինն ամսվա արդյունքներով հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 23,6 միլիարդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապահովելով 39,6 տոկոս իրական աճ: Նախորդ տարվա համեմատ շուրջ երկու անգամ բարձրացել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը: Սակայն, չնայած այս ամենին, գյուղատնտեսության ճյուղի կշիռը համախառն ներքին արդյունքում բավարար համարել չի կարելի:
     Բնագավառում տիրող իրավիճակը շարունակում է մնալ ոչ ցանկալի մակարդակի վրա: Դա է վկայում այն փաստը, որ ունենալով բարենպաստ պայմաններ ագրարային ճյուղի զարգացման համար, մենք շարունակում ենք հանրապետություն ներկրել սպառվող գյուղմթերքների կեսից ավելին: Եվ դա այն դեպքում, երբ մեզ մոտ առկա են բոլոր հնարավորությունները` ապահովելու ոչ միայն ներքին շուկայի պահանջները, այլեւ դուրս գալու արտաքին շուկա էկոլոգիապես մաքուր եւ մրցունակ արտադրանքով: Այդ հիմնախնդրի լուծման համար պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել գյուղտեխնիկայի եւ կադրերի, ինչպես նաեւ ինտենսիվ կուլտուրաների արտադրության մասնագիտացման հետ կապված հարցերին, ինչը կնպաստի գյուղատնտեսական արտադրության ծավալների կտրուկ աճին: Այս աշխատանքների համակարգման եւ վերահսկման մեջ մեծ է գյուղատնտեսության նախարարության, շրջվարչակազմերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների դերը:
     Հարկ է նշել, որ այսօր, հաշվի առնելով տարբեր տարածքների առանձնահատկությունները եւ առկա ներուժը, աշխատանքներ են տարվում գյուղերի զարգացման առավել օպտիմալ ուղիների բացահայտման եւ հանրապետության գյուղատնտեսության զարգացման ենթաշրջանային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ: Տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը իրականացնելիս անհրաժեշտ եմ համարում ճիշտ ընտրություն կատարել ենթաշրջանների զարգացման ծրագրերի հարցում եւ առաջին հերթին ուշադրություն դարձնել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին: Վերջերս այցելելով այդ շրջաններ, ես մեկ անգամ եւս համոզվեցի դրանում: Պետք է ավարտին հասցնել կատարվող ուսումնասիրությունները եւ լինել հետեւողական 2009 թվականին Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար: Այդ գործընթացը լինելու է իմ անմիջական վերահսկողության ներքո:
    Չափազանց կարեւոր եմ համարում նաեւ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը, ինչը կնպաստի ինչպես գյուղում բնակչության ամրապնդման, այնպես էլ մեր հանրապետության համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը: Այդ կապակցությամբ մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում գյուղական բնակչությունից:
Գյուղատնտեսությունը հռչակելով որպես տնտեսության ռազմավարական ճյուղ, բազմաթիվ հարցեր ունենք, որոնց լուծումը ներկա դրությամբ մեր պետության գերխնդիրն է: Հենց այդ համատեքստում էլ կարեւորվում է ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ոռոգման համակարգի վերականգնումը, անհրաժեշտ գյուղտեխնիկայով ապահովումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, տեղեկատվության եւ կապի միջոցների վերականգնումը եւ դրանց անխափան աշխատանքի կազմակերպումը, նմանատիպ այլ հարցեր£
Մեր հանրապետությունում ոռոգման ենթակա 18 հազար հեկտարից ներկայումս ոռոգման տակ է գտնվում 5000 հեկտար հողատարածք, որից միայն 2220 հեկտարն է ոռոգվում փաստացի կնքված պայմանագրերի հիման վրա: Սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է հստակեցնել պայմանագրերի կնքման գործընթացը:
    Ռազմավարական նշանակություն ունեցող համակարգում տիրող նման իրավիճակը չի կարող գոհացնել մեզ: Դիտարկումները ցույց են տվել, որ ԼՂՀ ջրային պաշարները հնարավորություն են տալիս լիովին բավարարել մեր ներքին պահանջները: Այսօր ոռոգման համակարգի ստեղծումը անհապաղ լուծում պահանջող հիմնահարց է: Վերջերս իմ այցելություններից մեկը նվիրել եմ հենց այդ հիմնախնդրի լուծման ուսումնասիրությանը եւ, հաշվի առնելով դրա արդյունքները, կառավարությանը հանձնարարում եմ մշակել համապատասխան ծրագրեր, որոնց համաձայն մինչեւ 2010 թվականը ոռոգվող հողատարածքները պետք է հասցվեն 8-ից 10 հազար հեկտարի:
     Գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում բարեփոխումներ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում: Եթե պետական պահուստային հողերի վարձավճարը 2007 թվականին 1 հեկտարի դիմաց կազմում էր 12 հազար 200 դրամ, ապա 2008 թվականի հունվարի 1-ից այն արդեն 8000 դրամ է: Հարկային դաշտի հետագա թեթեւացման նպատակով անհրաժեշտ է 2009 թվականի հունվարի 1-ից այդ հողերի վարձավճարը դարձնել 6000 դրամ: Այդ կապակցությամբ կառավարությանը հանձնարարում եմ համապատասխան փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում:
     Հանրապետությունում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում վերամշակող արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Մեր նպատակը գյուղատնտեսական մթերքների իրացման ապահովումն է: Դրա վկայությունը հենց ՙԱրցախՖրուտ՚ ընկերությունն է, որի կայացման գործում իր ավանդն ունի պետությունը:
    Մեր սոցիալ-տնտեսական հետագա առաջընթացի ապահովման հարցում հատուկ նշանակություն ունի առողջապահության, կրթության եւ մշակույթի բնագավառների զարգացումը, որտեղ նույնպես պետությունը շարունակում է իրականացնել մի շարք բարեփոխումներ:
    Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում կրթության դերի ու որակի բարձրացման, դպրոցաշինության ծրագրերի հաջող իրականացման ուղղությամբ: Այդ ոլորտում տարեցտարի ավելանում են կապիտալ ներդրումների ծավալները ինչպես պետական, այնպես էլ բարեգործական ծրագրերի միջոցով: Դրա հետ մեկտեղ ավելանում են դպրոցների նորմալ շենքային պայմանների ապահովման, դպրոցական նոր գույքի ձեռք բերման համար հատկացվող միջոցները:
     Նախադպրոցական կրթական համակարգի զարգացման խթանման նպատակով կարեւոր է մանկապարտեզների եւ նախադպրոցական ցանցի վերականգնումը: Մեծ տեղ է հատկացվում արհեստագործական կրթության կայուն ցանցի ստեղծմանը, ինչը կնպասի նաեւ կադրային քաղաքականության հաջող իրականացմանը:
     Չնայած նախկինում կատարված աշխատանքներին, գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցներում կան չլուծված խնդիրներ: Դպրոցների գերակշիռ մասում սովորողների ընդգրկվածությունը բավականին ցածր է, որոշ տեղերում բացակայում են ժամանակակից մարզադահլիճները, բարեկարգված բաց մարզահրապարակները:
     Համապատասխան աշխատանքներ են տարվում նաեւ մշակույթի բնագավառում: Գյուղական բնակավայրերում վերականգնվում են մշակույթի օջախները: Դա կնպաստի համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը: Պետք է այնպես անել, որ մշակույթի օջախները ծառայեն իրենց նպատակին:
    Առողջապահության ոլորտում առկա կարեւոր խնդիրներից են հանրապետական նոր հիվանդանոցի ու ծննդատան կառուցումը, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանային հիվանդանոցների վերանորոգումն ու վերականգնումը, բուժհիմնարկների վերազինումը ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Դրա հետ մեկտեղ կարեւորում եմ գյուղական բնակավայրերում առաջնային բուժօգնության լիարժեք պայմանների ապահովումը: Այդ հարցերի լուծումը պետք է միշտ լինի առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
    Բավականին խնդիրներ կան նաեւ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Անհրաժեշտ է ստեղծել տրանսպորտային այնպիսի ցանց, որը հնարավորություն կտա ապահովել գյուղական համայնքների ավտոմոբիլային կապը ինչպես շրջկենտրոնների ու մայրաքաղաքի, այնպես էլ մյուս շրջանների հետ:
Ինչ վերաբերում է գյուղերի տեղեկատվությամբ ապահովվածության խնդրին, ապա ԼՂՀ տարածքում Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերն ամբողջությամբ հեռարձակվում են 118, իսկ մասնակիորեն` 36 գյուղական համայնքներում: 98 համայնքներում մարդիկ ընդհանրապես զրկված են մեր հեռուստածրագրերը դիտելու հնարավորությունից: Սա հանրապետության առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկն է: Կառավարությանը հանձնարարում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչեւ 2009 թվականի վերջը ԼՂՀ ամբողջ տարածքում Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաալիքների հեռարձակումը ապահովելու ուղղությամբ:
     Հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել համայնքների եւ շրջկենտրոնների միջեւ փոստային կապի զարգացմանը, ուսումնասիրել թերթերի բաժանորդագրության եւ առաքման գործում առկա խնդիրները եւ հնարավոր հաճախականությունը:
    Ուզում եմ հատուկ ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հրապարակայնության եւ թափանցիկության անհրաժեշտությունը: Համայնքի ղեկավարը պետք է հաշվետու լինի իր համայնքի անդամների առջեւ, վայելի նրանց հարգանքն ու վստահությունը, իսկ համայնքի անդամներն էլ ակտիվորեն ներգրավված լինեն իրենց համայնքի աշխատանքներում:
     Մենք հետեւողական կլինենք, որպեսզի իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի եւ գյուղական բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված բոլոր ծրագրերը: Միեւնույն ժամանակ պետությունը համապատասխան մարմինների միջոցով կուժեղացնի վերահսկողությունը բյուջեի միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ:
    Հարգելի ներկաներ, այս խնդիրների արդյունավետ լուծումը հնարավորություն կտա ստեղծել լիարժեք գործող տեղական ինքնակառավարման համակարգ: Դրան կարելի է հասնել միայն ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, առավելագույն պատասխանատվությամբ եւ սրտացավությամբ, ամենայն լրջությամբ ու խստությամբ վերաբերվելով պարտականությունների կատարմանը: Դրանից կշահի մեր երկիրը, մեր ժողովուրդը, հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Դա է մեր նպատակը, եւ մենք ամեն ինչ կանենք այն իրականացնելու համար:
Շնորհակալություն:

 

 

2008-11-11



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign