/Ստեփանակերտ, 26 դեկտեմբերի 2012թ./
Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ:
Այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են մեր հանրապետության գործարար միջավայրը եւ շոշափելի դերակատարություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Մեր այսօրվա հանդիպումը խորհրդանշական է այն առումով, որ տեղի է ունենում Նոր տարվա նախաշեմին, երբ ամփոփվում են անցնող տարվա արդյունքները եւ նախանշվում հետագա անելիքները:
2012 թվականին, ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որոնց արդյունքներն ակնառու են: Այդ մասին են վկայում սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության առաջատար ճյուղերի դինամիկ զարգացումը եւ տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը: Վերջին հինգ տարիներին մեզ հաջողվել է ապահովել ավելի քան 10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ:
Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որի տնտեսության հիմքում ազատ շուկայական հարաբերություններն են: Նման համակարգ ունենալու որոշումը գիտակցված ընտրություն էր` հիմնված մեր ժողովրդի ու պետության պատմական, քաղաքական, հոգեբանական եւ այլ առանձնահատկությունների, ինչպես նաեւ գլոբալ զարգացումների եւ տնտեսության զարգացման ամենաարդյունավետ տարբերակների վրա: Հետեւաբար, պետության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից է հանդիսանում բիզնեսի համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծումը` միաժամանակ հաշվի առնելով հասարակության սոցիալապես խոցելի խավերի պաշտպանության ապահովումը: Երկրում սոցիալական արդարության ու պաշտպանվածության պատշաճ մակարդակի եւ լիբերալ տնտեսական համակարգի դինամիկ զարգացումը մեծապես կախված է հենց վերոհիշյալ բաղադրամասերի միջեւ արդյունավետ հավասարակշռվածության ապահովումից:
Այս համատեքստում հայրենական բիզնես շրջանակների, մասնավորապես, խոշորագույն հարկատուների հետ նման հանդիպումների անցկացումը կարեւոր է եւ պահանջված: Ակնհայտ է, որ գործարարության զարգացման եւ դրա սոցիալական բաղադրամասի մակարդակի բարձրացման հիմնախնդրի լուծումը պահանջում է ձեռնարկատերերի, պետության եւ, ընդհանուր առմամբ, հասարակության շահերի ներդաշնակեցման արդյունավետ մեխանիզմների ստեղծում: Պետությունը շահագրգռված է քաղաքակիրթ գործարարության առկայության մեջ, որն ունակ է ապահովելու երկրի տնտեսության կայուն զարգացումը, իսկ գործարարությունը կարիք ունի ուժեղ, արդար եւ կանխատեսելի պետության, որն ի վիճակի է ձեռնարկատերերի համար ստեղծել արդյունավետ գործունեության մակրոմիջավայր, պաշտպանել նրանց իրավունքներն ու ձեռնարկատիրական գործունեության ազատությունը: Պետությունն այսուհետ էլ կշարունակի բիզնեսին օժանդակելու, վարչարարական եւ բյուրոկրատական խոչընդոտների դեմ պայքարելու իր քաղաքականությունը, կաջակցի հայրենական արտադրողին իրացման նոր շուկաներ դուրս բերելու հարցում:
Այն, որ շուկայական տնտեսության ձեւավորման ուղղությամբ մեր հանրապետությունում զգալի առաջընթաց է ապահովվել, կարծում եմ` ակնհայտ է: Դրա վառ ապացույցներից է խոշոր հարկատուների դերակատարությունը մեր տնտեսության զարգացման գործում: Իսկ դա շոշափելի է: Տնտեսավարող սուբյեկտների հենց այս խմբին է բաժին ընկնում երկրի արդյունաբերական արտադրանքի շուրջ 85 տոկոսը, շինարարական աշխատանքների 62 տոկոսը, մատուցվող կապի ծառայությունների 96 տոկոսը, պետական բյուջեի հարկային եկամուտների, տուրքերի եւ սոցվճարների ավելի քան 58 տոկոսը:
Ուրախալի է, որ Արցախում գործող մի շարք կազմակերպություններ արդեն իսկ հայտնի են հանրապետությունից դուրս: Այդ թվին են պատկանում, օրինակ, <<Բեյզ Մեթըլս>>, <<Ղարաբաղ Տելեկոմ>>, <<Արցախբանկ>>, <<Արցախֆրութ>>, <<Արցախ ՀԷԿ>> եւ մի շարք այլ ընկերություններ: Մեր առաջատար տնտեսավարող սուբյեկտները ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ երկրում սոցիալական բազմաթիվ ծրագրերի իրականացման, հասարակության սոցիալական ամենատարբեր խավերի խնդիրների լուծման գործում:
Ողջունելի է նաեւ, որ վերջին տարիներին մեր երկիր մուտք են գործել մի շարք հայտնի միջազգային կազմակերպություններ, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Առաջատար նման ընկերությունների հետ փոխգործակցությունը մեծապես կնպաստի ինչպես մեր սոցիալ-տնտեսական, այնպես էլ բիզնես վարելու մշակույթի հետագա զարգացմանը:
ԼՂՀ տնտեսության կարեւոր եւ հեռանկարային ճյուղերից է հանդիսանում հանքարդյունաբերությունը: Ոլորտի զարգացման ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են զգալի աշխատանքներ:
Մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է գյուղատնտեսության զարգացումը, որին վերջին տարիներին նշանակալի միջոցներ են ուղղվել` կյանքի կոչելով տարբեր ծրագրեր: Արդյունքում, գյուղատնտեսության համախառն արտադրանքը անցած հինգ տարիներին կրկնապատկվել է` ապահովելով միջին տարեկան 13,3 տոկոս աճ:
Ձեռքբերումները շոշափելի են, բայց անելիքներ նույնպես դեռ շատ կան: Ցավոք, ճյուղում ունենալով արտոնյալ հարկման ռեժիմ, դեռեւս չի ձեւավորվել առողջ գործարար միջավայր: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ընդամենը 28,4 տոկոսն է արտադրվում առեւտրային կազմակերպություններում: Ունենալով ճյուղի զարգացման համար բավարար նախադրյալներ` մենք պետք է խնդիր դնենք եւ հետեւողական աշխատանք տանենք սեփական ռեսուրսներով երկրի ներքին պահանջարկը, ինչպես նաեւ արտահանման ծավալների կտրուկ աճը, մշակող արդյունաբերության զարգացումն ապահովելու ուղղությամբ:
Վերջին տարիներին շինարարությունը դարձել է տնտեսական աճ ապահովող հիմնական ճյուղերից մեկը, որի տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքի կառուցվածքում 9,2 տոկոսից հասել է մինչեւ 12,4 տոկոսի` ապահովելով միջին տարեկան ավելի քան 20 տոկոս աճ: Մեծ է առաջընթացը նաեւ իրականացվող շինարարության որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Խոսելով շինարարության ոլորտում աշխատանքների դրական արդյունքների մասին` միաժամանակ կուզենայի նշել, որ այստեղ նույնպես կան նշանակալի ռեզերվներ, որոնք պետք է օգտագործել շինարարական աշխատանքների ծավալի ավելացման եւ ծրագրային խնդիրների լուծման համար:
Այսպես, ոլորտ առ ոլորտ կարելի է թվարկել ձեռքբերումները, խնդիրներն ու ակնկալիքները: Կուզենայի նշել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը: Վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում ՓՄՁ-ների մասնակցությունը երկրի ՀՆԱ-ի արտադրության մեջ բարձրացել է 6,5 տոկոսային կետով, աճել է գործող սուբյեկտների եւ զբաղվածների թիվը, ինչպես նաեւ գործունեության ոլորտները, բարելավվել է նրանց ֆինանսական դրությունը: Այնուամենայնիվ, այս ոլորտում աշխատանքները պետք է ակտիվացնել, դարձնել առավել առարկայական:
Քաղաքակիրթ գործարարության կայացման ու զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը օրենսդրական դաշտի ձեւավորումն է եւ բարելավումը: Այս ուղղությամբ աշխատանքը պետք է կրի հետեւողական բնույթ` նպատակ ունենալով աջակցել բիզնեսի հետագա զարգացմանը եւ խթանմանը:
Գործարար միջավայրի զարգացումը մեծապես կախված է նաեւ գործող հարկային համակարգից եւ հարկային վարչարարության արդյունավետությունից: Այս ուղղությամբ կատարվել է նշանակալի աշխատանք, զգալիորեն բարելավվել է հարկային վարչարարությունը, ինչին զուգահեռ գերակատարվել են հարկային եկամուտների գծով պլանավորված ցուցանիշները, արդյունքում հինգ տարվա կտրվածքով դրանք աճել են 2,2 անգամ: Սակայն, այստեղ եւս կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է տանել հետեւողական աշխատանք:
Հարգելի բարեկամներ,
Մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ անելիքներն ու ծրագրերը շատ են: Այն, ինչին մենք հասել ենք, թույլ է տալիս վստահորեն ասել, որ համատեղ ուժերով, ձեր ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրենք նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:
Շնորհավորելով բոլորիդ գալիք Նոր տարին` մաղթում եմ, որ այն լինի նախանշված ծրագրերի իրականացման տարի, ինչը կնպաստի մեր ժողովրդի կենսապայմանների բարելավմանն ու բարեկեցության ապահովմանը: Նոր տարում մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ` ձեր կարեւոր աշխատանքում:
Շնորհակալություն:
2012-12-26