Արցախյան շարժման վետերան,
Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի
Վ.Ս. Հայրապետյանի ընտանիքին
Խոր վշտով ու կսկիծով տեղեկացանք մեր ժողովրդի արժանավոր զավակ Վիգեն Սուրենի Հայրապետյանի մահվան մասին:
Վիգեն Հայրապետյանը մեծ հարգանք էր վայելում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում: Նա մեծ ներդրում ուներ Արցախի Հանրապետության կայացման գործում, եղել է ղարաբաղյան ազատագրական շարժման առաջամարտիկներից, ում ղեկավարությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը, եւ հենց նա է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակել ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը:
Անգնահատելի է Վ.Ս.Հայրապետյանի ներդրումը նաեւ կրթության զարգացման գործում: Նա կրթել եւ դաստիարակել է բազմաթիվ սերունդների` սերմանելով սերը գիտելիքի եւ հայրենիքի հանդեպ:
Պետությունն արժանվույնս է գնահատել Վիգեն Հայրապետյանի վաստակը` պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ պետական այլ պարգեւներով, շնորհելով ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Այս ծանր պահին մենք ձեր կողքին ենք եւ ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավը:
Վիգեն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
Բակո ՍԱՀԱԿՅԱՆ
2012-11-17