Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովում
/Ստեփանակերտ, 14 դեկտեմբերի 2011թ./
Համագումարի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ազատամարտիկներ,
Ուրախ եմ ներկա գտնվել <<Արցախի ազատամարտիկների միության>> 5-րդ համաժողովին եւ ի դեմս ձեզ ողջունել կազմակերպության բոլոր անդամներին:
Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը Արցախի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող եւ բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է: Մի կառույց, որը լուրջ դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման, նրա առաջընթացի ապահովման մեջ եւ պատրաստ է կրել պատասխանատվության իր չափը պետության ու ժողովրդի առջեւ: Սա բարդ, բայց եւ միաժամանակ հայրենանվեր առաքելություն է, որը դրված է միության անդամների ուսերին: Ես գոհունակությամբ եմ արձանագրում այս իրողությունը եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ բոլորիդ:
Արցախը ժամանակակից, ժողովրդավարական ու ճանաչված երկիր դարձնելը մեր գերագույն նպատակն է, որի իրականացման ճանապարհին չափազանց կարեւոր է բոլորիս ջանքերի համախմբումն ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մենք հաստատակամ ենք ու վճռական` ազատ, անկախ ու հզոր հայրենիք կերտելու գործում, եւ պատրաստ ենք անել հնարավորը դրան հասնելու համար: Դա է պարտավորեցնում նաեւ մեր զոհված ընկերների հիշատակը, որը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ եւ մեր սրտերում:
Արցախն այսօր սեփական ուժերով ու արժանապատվորեն հարթում է իր ընտրած ուղին, եւ այս ճանապարհին մեզ հետ է համայն հայությունը: Ամեն պահի մենք զգում ենք Հայաստանի ու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հոգատար աջակցությունը, որը չափազանց թանկ է մեզ համար: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության շարունակական ամրապնդումը այսուհետ էլ լինելու է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
Հանրապետության իշխանությունները շարունակելու են հետեւողական աշխատանք տանել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Այս խնդիրների արդյունավետ լուծումից է նաեւ մեծապես կախված մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, հասարակության մեջ համերաշխության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանումը: Սա է նաեւ մեր պայքարը իր վերջնական հանգրվանին հասցնելու գրավականը:
Մենք շատ անգամ ենք ասել, բայց ուզում եմ կրկնել մեկ անգամ եւս. Լեռնային Ղարաբաղը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը անմիջական երկխոսության միջոցով, միայն ու միայն բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: Մեր ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած քայլ կստանա համարժեք պատասխան, եւ մի բան էլ ավելին:
Թանկագին բարեկամներ,
Մարտական ընկերներ,
Ես մշտական շփումների մեջ եմ գտնվում ինչպես միության ղեկավարության, այնպես էլ ձեզնից շատերի հետ եւ տեղեկացված եմ մեր ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաեւ պետության դերը: Ձեր խնդիրները նաեւ իշխանության խնդիրներն են, եւ մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար: Հայրենիքին անմնացորդ նվիրված ազատամարտիկը պետք է ապրի արժանավայել կյանքով: Ոչ մեկը չպետք է ուշադրությունից դուրս մնա: Ճիշտ է` առայժմ չի հաջողվում շատ բան անել, սակայն վստահ եղեք, որ Արցախի իշխանությունները միշտ ձեզ հետ են, ձեր կողքին եւ ըստ ամենայնի կաջակցեն միության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Հավատացած եմ, որ <<Արցախի ազատամարտիկների միությունը>> այսուհետ էլ ամենաակտիվ մասնակցությունը կունենա մեր հանրապետության կենսագործունեության մեջ:
Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, համագումարին` հաջող ու արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն:
2011-12-14