/Ստեփանակերտ, 28 մայիսի 2010թ./
Թանկագին հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը առանձնահատուկ պատմական օր է համայն հայության համար: 92 տարի առաջ` Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից հետո, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Դարեր շարունակ դիմագրավելով տարբեր փորձությունների, կրելով աննկարագրելի զրկանքներ ու կորուստներ` մեր ժողովուրդը կրկին ուժ գտավ իր մեջ վերապրելու եւ ի լուր աշխարհի հայտարարելու իր գոյության մասին: Կրկին վերածնվեց հայի հերոսական ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ, վերականգնվեց հայոց կորսված պետականությունը: Այն դարձավ մեր հետագա հաղթանակների հիմքն ու ոգեշնչման աղբյուրը:
1918 թվականին հայ ժողովուրդը ոչ միայն չհուսալքվեց ու չբնաջնջվեց աշխարհի երեսից, այլեւ ի հեճուկս ամեն ինչի փայլուն հաղթանակ տարավ, որովհետեւ օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ: Դա պատմության կարեւորագույն դասն է, որը պետք է միշտ ուղեկցի մեզ:
Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը այն միակ ճիշտ ուղին է, որն ընտրել էր մեր ժողովուրդը դեռեւս 1918 թվականին, եւ որով ընթանում ենք մենք այսօր: Համոզված եմ, որ այդ երթը հաղթական կլինի հայկական երկու հանրապետությունների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին աշխարհի տարբեր ծայրերում եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության շարունակական զորացման եւ հայ ժողովրդի պայծառ ապագայի:
2010-05-28