Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
/Ստեփանակերտ, 31 դեկտեմբերի 2011թ./
Սիրելի հայրենակիցներ,
Ահա եւ մոտենում է պահը հրաժեշտ տալու 2011 թվականին ու դիմավորելու Նոր տարին` հույսով ու հավատով, որ այն կլինի հաջող մեր ընտանիքների եւ մեր հայրենիքի համար: Դա իսկապես ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու եւ մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լեցուն անհուն սիրով ու ջերմությամբ:
Հենց այս ոգով ամրացած, շնորհիվ մեր ժողովրդի միասնականության ու համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության` կարողանում ենք լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ այսօր արդեն ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ:
Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ, եւ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի շարունակական զարգացումը: Դրա ամենահուսալի գրավականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է, որի 20-ամյակը կտոնենք 2012 թվականին: Պաշտպանության բանակը եղել է, կա եւ կմնա մեր պարծանքն ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը:
Այս տոնական օրը ես ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վետերաններին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այս պահին կանգնած են խրամատներում եւ պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
Արցախի Հանրապետության թանկագին քաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն: Թող 2012 թվականը լինի ավելի հաջող ու բարեբեր: Թող այն ուրախություն պարգեւի մեր ժողովրդին, խաղաղություն ու բարեկեցություն՝ մեր երկրին:
2011-12-31