/Գանձասար, 2 օգոստոսի 2011թ./
Հարգելի ներկաներ,
Սիրելի մարզիկներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում:
Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարեւոր ու խորհրդանշական մի միջոցառման: Հաշված րոպեներ անց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում կվառվի 5-րդ համահայկական խաղերի ջահը: Եվ սա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ:
Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաեւ այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարեւորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության եւս մեկ դրսեւորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ եւ ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:
Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը:
5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ:
2011-08-02