Պետական դրոշ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:
ԼՂՀ պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին:
|
|
 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2: |
Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:
Պետական զինանշան
Պետական զինանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է:
Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը:
|
|
 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները, եւ Արտաշեսյանների հարստության թագն է: Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի եւ Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ եւ Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքեւի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»: |
Պետական օրհներգ
Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:
ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:
Պետական օրհներգի խոսքերը
Պետական օրհներգի երաժշտական խմբագրությունը