Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին
ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:
Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում
ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող
հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական
աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով
կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:
Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ
արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության
առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել
նոր ծրագրեր այդ նպատակով:
2021-01-05