Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին Երևանում ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակում միանշանակ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ:
«Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան՝ կապված բնակարանային ապահովության հետ, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծում տալ մի շարք խնդիրների, որոնք ակնառու են: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման կարիք ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, այն ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել»,- ընդգծել է ԱՀ նախագահը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 2021 թվականի ԱՀ պետական բյուջեի նախագծով սեփական մուտքերը պլանավորվել է 16-17 մլրդ դրամ, բայց մանշանակ անցնելու է 30 մլրդ դրամի ցուցանիշը: «Ամենախոշոր հարկատուն և գործատուն՝ «Բեյզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքը, արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրերն իրականացնել, արդեն հաջորղ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե:
Դրա համար ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրերն արդեն սկսել ենք, երևի 3 ամսում կավարտենք, իսկ էներգետիկ առումով շատ ավելի երկար ժամանակ է պետք: Զուգահեռաբար, մենք արդեն Չարեքթար-Գետավան հատվածում սկսել ենք 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքները: Առաջին փուլում տարբեր աղբյուրներից ռեսուրսներ ենք ներգրավելու, լինելու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից ներգրավել ռեսուրսներ: Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ և խնդիր ենք դրել 2022-2023 թվականների ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք կառուցել ավելի հզոր բարձրավոլտ հիդրոէլեկտրակայան, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցմանը։ Այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ»,- ասել է երկրի ղեկավարը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում օրակարգն էականորեն փոխվել է, և առաջնային խնդիրներից մեկը Արցախում բնականոն կյանքի վերականգնումն է:
«Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու: Զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հասկանալի է, որ դա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու պետք է իրականացնել առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում պետք է կայացվեն անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այդ հարցերը կարողանան լուծել:
2021-08-06