Խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների գործունեության վերաբերյալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը: Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է նաեւ բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետեւելու կարեւորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում: Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված եւ արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: