Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել հասարակական-քաղաքական գործիչ Վարանդ Փափազյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել հասարակական-քաղաքական գործիչ Վարանդ Փափազյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Մեծ վշտով ընդունեցի ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ, «Ազդակ» պարբերականի նախկին տնօրեն Վարանդ Փափազյանի մահվան բոթը: Մեր ժողովուրդը գիտի և բարձր է գնահատում Վարանդ Փափազյանի հայրենանվեր ջանքերն ու ազգանպաստ գործունեությունը: Արցախյան պատերազմի տարիներին նա կանգնեց արցախցիների կողքին և իր անուրանալի ավանդն ունեցավ ինչպես մեր ազգային-ազատագրական պայքարում, այնպես էլ պետականաշինության գործում: Արցախին մատուցած ծառայությունների համար Վարանդ Փափազյանն արժանացել է պետական բարձր պարգևի՝ Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալի: Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին: Մաղթում եմ բոլորիդ տոկունություն ու ոգու կորով: Կուսակցական վաստակաշատ գործչի, մտավորականի ու մեծ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»: