Նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհել Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և 2016թ. ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս բացառիկ քաջություն ու արիություն ցուցաբերած կապիտան Արմենակ Ուրֆանյանին:
Օգոստոսի 29-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած պարգրատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահը հերոսների հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:
Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, զինծառայողների անվտանգ ծառայության կազմակերպման գործում ավանդ ունեցած Վահրամ Թամրազյանը ու Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում բացառիկ քաջություն և արիություն ցուցաբերած սփյուռքահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանը:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին գալիք պետական տոնի և պարգևներ ստանալու կապակցությամբ ու նշել, որ պատահական չէ, որ նրանք պարգևատրվում են Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, քանի որ Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են և արժանի բարձր գնահատանքի: Երկրի ղեկավարը նաև այս պարգևատրումը խորհրդանշական է համարել այն իմաստով, որ այն իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է Հայաստան -Արցախ - Սփյուռք ամուր կապը: «Մենք հաղթել ենք մեր միասնականության շնորհիվ»,-ընդգծել է նախագահը:
Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել, որ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է միշտ հիշել ու գնահատել անցյալը: Նա նաև խորհդանշական համարել այն փաստը, որ նույն օրը պարգևներ են ստանում արցախյան ազատամարտի տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ որպես անցյալում ու ներկայում իրենց ծառայությունների և ներդրած ավանդի արժևորում ու գնահատում:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք:
.JPG)
.JPG)
.JPG)
2020-08-29