Խորհրդակցություն` նվիրված նորապսակների կոլեկտիվ պսակադրության արարողությանը
Հունիսի 11-ին ԼՂՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված մոտ ժամանակներս նախատեսվող հանրապետության մի քանի հարյուր նորապսակների կոլեկտիվ պսակադրության հանդիսավոր արարողության անցկացմանն առնչվող հարցերին: Միջոցառման հետ կապված աշխատանքների համակարգման նպատակով Նախագահը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը պետք է մինչեւ հունիսի վերջը ներկայացնի ամուսնացող զույգերի ցուցակը եւ միջոցառման բեմագիր ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք եւ ռուսաստանաբնակ հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը: