Մայիսի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամների հետ` կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել կառուցողական փոխգործակցության մթնոլորտը, որ ձեւավորվել է մեր հանրապետության քաղաքական ուժերի, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, ինչպես նաեւ հասարակության եւ իշխանությունների միջեւ: Նա համոզմունք է հայտնել, որ նման գործելաոճը կշարունակվի նաեւ հետագայում: Այս համատեքստում Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների շուրջ բաց եւ շահագրգիռ քննարկումների անցկացումը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են մեր հանրապետության տնտեսական եւ քաղաքական կյանքին, օրենսդրական դաշտում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցերի:
Երկուստեք ընդգծվել է նման հանդիպումներին ավելի հաճախակի բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
2008-05-17