Մայիսի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին, առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Ներկաները երկրի ղեկավարին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի եւ իրականացված աշխատանքների արդյունքների մասին:
Նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է շինարարական աշխատանքների տեմպերի արագացման, ինչպես նաեւ որակի բարձրացման անհրաժեշտությունը, քանի որ, Նախագահի խոսքով, շինարարությունը հանդիսանում է մեր տնտեսության հիմնարար ոլորտներից մեկը: Նա հատկապես ընդգծել է, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ճիշտ ձեւավորմանը եւ քաղաքաշինության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների պատշաճ մասնակցությանը վերաբերող հարցերին:
Անդրադառնալով ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների շինարարությանը, Բակո Սահակյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ տների ինքնարժեքի իջեցման ուղղությամբ` առաջին հերթին տեղական հումքն ու ռեսուրսները օգտագործելու հաշվին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմի ղեկավարներ եւ պաշտոնատար այլ անձինք:
2008-05-10