Նոյեմբերի 26-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հարցազրույց է տվել ԱՄՆ-ում ամենախոշոր հայկական հեռուստաալիքին` Հայ-ռուսական հեռուստատեսային ցանցին:
Նախագահը պատասխանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցերին:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հարավային Կալիֆոռնիայի շրջանային վարչության անդամների հետ` վարչության ղեկավար Վահե Իմաստունյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը եւ Սփյուռքում հայապահպան գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Խոսելով Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման մասին, Բակո Սահակյանը կարեւորել է դրանք ավելի կայուն, կազմակերպված ու բազմակողմանի դարձնելու անհրաժեշտությունը: Նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի կրթական օջախների դերը Սփյուռքի երեխաների հայեցի դաստիարակության գործում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյեմբերի 26-ին Նախագահ Սահակյանը հանդիպել է նաեւ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամներ Արա Ահարոնյանի եւ Գեւորգ Գրիգորյանի, Արեւմտյան եւ Հարավային Ամերիկայի շրջանային վարչության ատենապետներ Հակոբ Նազարյանի եւ սենատոր Սերխիո Նահապետյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայրենիքի զարգացման գործում Սփյուռքի քաղաքական ուժերի մասնակցությունը ավելի լիարժեք եւ բովանդակալից դարձնելու անհրաժեշտությունը:
Նույն օրը Նահագահը հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ջեկ Գիլիջյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների հետ առնչվող մի շարք հարցեր:
Նոյեմբերի 26-ին Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն եւ հանդիպել կազմակերպության խնամակալ մարմնի անդամներին` ատենապետ Վահան Գրեգորի գլխավորությամբ, ինչպես նաեւ միության անդամներին:
Բակո Սահակյանը ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եւ անդրադարձել Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերին: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայերի ներդրումը Սփյուռքում հայապահպանության գործընթացում, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նա հորդորել է միության անդամներին ավելի հաճախակի լինել Արցախում:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Նախագահը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների շարժման ամենամյա ընդունելությանը:
Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանն անդրադարձ է կատարել վերջին մեկ տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, Արցախ-Հայաստան-Սփյուռք փոխգործակցությանը եւ ղարաբաղյան հիմնախնդրին: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս հիմնահարցը ողջ հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայի հարցն է: <<Միայն բոլորի մասնակցությամբ հհարավոր կլինի հասնել հիմնախնդրի արդարացի կարգավորմանը>>,- նշել է Նախագահը:
2008-11-27