Նոյեմբերի 25-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել գործարար, Հայ-ռուսական հեռուստատեսային ցանց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգլախչյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել է տեղեկատվական դաշտում Արցախի եւ Սփյուռքի միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տեղեկատվական դաշտը որակելով որպես ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող ոլորտ, երկրի ղեկավարն ընդգծել է այս բնագավառում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Նույն օրը Նախագահը հանդիպել է ամերիկահայ բարերարներ Հարի եւ Աիդա Շաքարյանների հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների հետ կապված մի շարք հարցեր:
Նոյեմբերի 25-ին Նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի Ազգային խորհրդի անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, "Լինսի" հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում հիմնադրամի կողմից իրականացվող, ինչպես նաեւ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
2008-11-26