Նոյեմբերի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերարներ Հարութ Բրուտյանի, Հրաչ Յադիգարյանի, Լեւոն եւ Աշխեն Արսենյանների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանը, արցախցի մասնագետների, մասնավորապես, բժիշկների վերապատրաստմանը եւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տելերյանի, ծխական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի հետ: Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապերի շուրջ, Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու դերը այդ կապերի հետագա զարգացման եւ ընդլայնման գործում, նշել նրա անգնահատելի ավանդը հայոց անկախ պետականության կայացման մեջ:
Նոյեմբերի 24-ին Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Ժան Քոսակյանի եւ Մարտիկ Կարապետյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահը կարեւորել է համակարգված աշխատանքը` հայ ժողովրդի եւ նրա պետականության առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար:
Նույն օրը ԼՂՀ Նախագահը հանդիպում է ունեցել բարերար Արամայիս Պարոնյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
2008-11-25