"Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է այդ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման գործում Արցախի հանգուցային նշանակությունը:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Համբիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: ԼՂՀ Նախագահն ընդգծել է Սփյուռքի եւ Արցախի միջեւ կապերի էլ ավելի ամրապնդման, տարբեր քաղաքական ուժերի միջեւ կառուցողական համագործակցության մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտությունը: Երկուստեք նշվել է, որ համախմբման կարեւորագույն գաղափարներից է Արցախը ու նրա ապագան:
Նոյեմբերի 23-ին Նախագահ Սահակյանն առանձնազրույց է ունեցել ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
2008-11-23