Շարունակվում են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Նոյեմբերի 21-ին Բակո Սահակյանը Նյու Յորք քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամներ Նազարեթ Ֆեստիկջյանի, Սարգիս Ջեբեջյանի եւ Մայքլ Անզուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող աշխատանքների եւ նոր ծրագրերի հեռանկարների հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ դերն Արցախի եւ Հայաստանի զարգացման, ինչպես նաեւ Սփյուռքում հայապահպանության գործում:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպել է գործարար եւ բարերար Ջորջ Պագումյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան ափի Կիլիկիո թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը պատմել է հավաքվածներին ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների մասին: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Նոյեմբերի 21-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ «Թուֆենկյան» հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի հետ:
Հանդիպման հիմնական թեման առնչվում էր ԼՂՀ-ում եւ հատկապես Քաշաթաղի շրջանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին: Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի ու նրա ապագայի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս շրջանում համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա նոր թափ հաղորդել շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նույն օրը Նախագահ Սահակյանի պատվին գործարար Անդրեաս Ռուբինյանի առանձնատանը կազմակերպվել է ճաշկերույթ-ընդունելություն, որին ներկա են եղել տեղի հայկական համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ:
Նյու Յորքում կայացած Նախագահի հանդիպումներին ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2008-11-21