ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակության հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ճարտարապետական եւ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել օդանավակայանի վերագործարկման առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նույն տեմպերով պետք է իրականացնել նաեւ երկրորդ փուլը եւ սահմանված ժամկետում սկսել ու ավարտին հասցնել միջազգային չափանիշներին համապատասխան ուղեւորային համալիրի կառուցումը: Հատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման խնդրին: Նախագահը նշել է, որ այսուհետ եւս ԼՂՀ իշխանությունները ըստ ամենայնի կաջակցեն Արցախի համար ռազմավարական կարեւորություն ունեցող այս նախագծի իրականացմանը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: