ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատախազության, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության միջեւ փոխգործակցության ընդլայնման հարցերին:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել այդ կառույցների կողմից իրականացվող աշխատանքները եւ նշել, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում արձանագրված առաջընթացին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ համագործակցության շնորհիվ մեր երկրում նվազագույնին են հասցվել կոռուպցիան եւ կաշառակերությունը: Միեւնույն ժամանակ Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է փոխգործակցությունը հասցնել ավելի բարձր մակարդակի: Նախագահի խոսքով, իշխանություններն իրենց հերթին ըստ ամենայնի կաջակցեն այդ գործընթացին:
Հատուկ ուշադրություն է դարձվել այդ կառույցների տեխնիկական վերազինման եւ աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման, ինչպես նաեւ լրատվամիջոցների հետ կապերի ընդլայնման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը, ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ այդ կառույցների պատասխանատու աշխատակիցներ:
2009-07-15