Հանդիպում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկոլաուս Շվարցլերի, ՌԴ մարդու իրավունքների նախկին լիազոր Օլեգ Միրոնովի եւ Ռուսաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Պետրովսկու հետ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային տարբեր կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը եւ այս ոլորտում փոխգործակցությունը չպետք է քաղաքականացվի: Հյուրերը նշել են, որ Արցախում ակնառու է ժողովրդավարական արժեքների արմատավորումը, ինչի լավագույն օրինակներից է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: