ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցած կարեւոր աշխարհաքաղաքական զարգացումները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացները պահանջում են ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանք:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական եւ անկեղծ երկխոսության միջոցով:
Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները սակարկության ենթակա չեն:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները:
2009-09-03