Հրամանագիր` 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր` 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Հրամանագրի համաձայն` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: