Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց հետ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաեւ փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Արցախի Հանրապետության Նախագահը հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նույնպես նշել են, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Նախագահը նշել է, որ այն որեւէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա` մտցնելով փակուղի:
Քննարկվել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
2010-03-28