Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական եւ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:
Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսեց մարտական հերթապահություն կրող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացավ պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին եւ ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգեւատրեց հուշանվերներով:
Բակո Սահակյանը ներկա գտնվեց տանկահրաձգային եւ հրաձգային վարժություններին:
Նախագահն այցելել է նաեւ գումարտակներից մեկի սպայական ավան եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
***
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Մարտունի շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
2009 թվականին շրջանում կատարված աշխատանքների եւ 2010 թվականին իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը:
Նախագահն ընդգծել է, որ շրջանի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ուժեղացնել կարգապահությունը եւ վարել ճիշտ կադրային քաղաքականություն:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի պատասխանատուներին համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
2010-02-19