Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` ԼՂՀ Նախագահն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը: Նա նշել է, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության լիարժեք կարգավորման: Բակո Սահակյանը մեկ անգամ եւս համոզմունք է հայտնել, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ հանգուցալուծում, եւ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը հանդիսանում է այդ գործընթացի ամենամեծ խոչընդոտներից մեկը: Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: