Խորհրդակցություն` նվիրված արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2010 թվականի անելիքներին: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների ղեկավարները: Իր խոսքում Նախագահն անդրադարձել է մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգին եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ներկայացուցչությունների աշխատանքին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները, ինչը պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ Սփյուռքի առկայությամբ: Բակո Սահակյանը բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը, Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ, համարել է հակամարտության կարգավորման առանցքային բաղադրամասերից մեկը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարությանը եւ արտերկրում մեր դիվանագիտական առաքելությունների պատասխանատուներին` գերատեսչության առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու համար: