Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար "Արիության համար" մեդալով պարգեւատրվել են 24 հոգի, որից 8-ը` հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար "Մարտական ծառայություն" մեդալով պարգեւատրվել են 313 հոգի, որից 7-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար "Շուշիի ազատագրման համար" մեդալով պարգեւատրվել են 38 հոգի, որից 1-ը` հետմահու:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Կրոն-Պրես» հրատարակչության նախագահ Ռոբերտ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար "Երախտագիտություն" մեդալով պարգեւատրվել են`
Արա Բաբլոյանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դերենիկ Դումանյանը
Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
2010-05-06