Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերին:
Զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետության համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են եւ հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության եւ ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք, ինչը մեզ համար այլընտրանք չունի:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս գործընթացի կարեւորությունը մեր հանրապետության համար եւ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կանեն հնարավորը ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում մեր քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
2010-05-19