Նախագահը “Երախտագիտություն” մեդալ է հանձնել Արա Բաբլոյանին եւ Դերենիկ Դումանյանին
Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանին: Հանդիպմանը Նախագահը "Երախտագիտություն" մեդալ է հանձնել անվանի բժիշկներին, ինչին նրանք արժանացել են առողջապահության զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Բակո Սահակյանը բարձր է գնահատել բժիշկների ավանդը մեր հանրապետության առողջապահության ոլորտի կայացման եւ զարգացման գործում եւ հույս հայտնել, որ նրանք այսուհետ եւս կշարունակեն իրենց աջակցությունը` ուղղված համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: