Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի պատվիրակությանը, որի կազմում էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացման եւ ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման կոնֆերանսի անցկացումն Արցախում` այն համարելով գիտակրթական եւ քաղաքական նշանակալի իրադարձություն: Նախագահը հույս է հայտնել, որ նման մոտեցումը կլինի շարունակական:
2010-04-16