Հանդիպում ՀՀ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 10-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել է հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի կառավարությունների փոխգործակցության կապակցությամբ` այն համարելով ծրագրված աշխատանքների հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը: Միեւնույն ժամանակ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակական խորացման, Հայաստանի Հանրապետության մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը: