Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին ընդունել է <<Հայ-բրիտանական միություն>> հասարակական կազմակերպության անդամներին` կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են արտասահմանյան առաջատար բուհերում հայ ուսանողների կրթության եւ հայրենիքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման մեթոդների կիրառման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերում հայ երիտասարդության կրթություն ստանալը, նրանց վերադարձը հայրենիք եւ ստացած գիտելիքների կիրառումը` ի նպաստ հայրենի երկրի զարգացման:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստման ու կատարելագործման հարցերին, եւ այս գործում ակնկալում է նաեւ <<Հայ-բրիտանական միության>> դերակատարությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
2010-04-19