Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն:
Օգոստոսի 21-ին Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել «Արցախ Ֆոնդ» կազմակերպության անդամների հետ: Բակո Սահակյանը կազմակերպությանն է հանձնել «Երախտագիտություն» մեդալ` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության կողմից հանրապետությունում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը` նշելով շահագրգռվածությունը մեր երկրում «Արցախ Ֆոնդի» աշխատանքներն ընդլայնելու մեջ:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Անթիլիաս քաղաքում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան եւ հանդիպում ունեցել Արամ Ա կաթողիկոսի, Լիբանանի հայազգի նախարարների եւ պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 
Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի նահատակների հուշարձանին:
Հանդիպման ընթացքում արծարծվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Արամ Ա կաթողիկոսը նշել է Արցախի ճակատագրական դերակատարությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եւ ընդգծել, որ նրա զորացումն եւ զարգացումը բխում է համայն հայության կենսական շահերից:
Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն համարելով հայ ժողովրդի ու հայոց անկախ պետականության զարգացման ամենակարեւոր նախապայմանը, եւ այս գործընթացում ընդգծել է նաեւ եկեղեցու դերակատարությունը:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը Բեյրութ քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Լիբանանում հայ ավանդական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում երկրի ղեկավարին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:
Միջոցառումներին մասնակցում էին նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:
2010-08-21