Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող եւ հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնելով, որ դրանց շրջանակը կընդլայնվի: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: