ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին
Սեպտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը կարեւորել է Եվրոպայի եւ հատկապես Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Նախագահը կրկին անգամ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու անհրաժեշտությունը, միաժամանակ ավելացնելով, որ պետք է անել հնարավորինը ԼՂՀ-ի` որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար: Երկուստեք նշվել է հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: