Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հանդիսանում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը` բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցությամբ:
Ըստ Բակո Սահակյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի-ն ձեւաչափը դեռեւս չի սպառել իրեն եւ հիմա վաղաժամ է խոսել այս ձեւաչափի փոփոխության մասին:
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Նախագահը նշել է, որ վիճահարույց խնդիրները պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ բանակցությունների միջոցով:
Բակո Սահակյանը կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված վերջին քայլերը, միաժամանակ նշելով, որ ամենաբարդ իսկ հարցերը կարելի է լուծել ուղիղ երկխոսության միջոցով:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
2008-09-12