Հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբերի 25-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանձնման արարողությանը:
Բակո Սահակյանը հանդիսավոր պայմաններում ՊԲ մի խումբ զինծառայողների ընտանիքներին է հանձնել նոր բնակարանների բանալիները:
Այնուհետեւ երկու հայկական պետությունների ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին:
Զորավարժություններից հետո ԼՂՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:
Այն հարցին, թե կարող են արդյոք, ըստ վերջերս տարածվող լուրերի, վտանգի ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ներկա սահմաններում, Բակո Սահակյանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախությունը եւ անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք, ինչպես բազմիցս հայտարարվել է, ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ մենք` հայ ժողովուրդը, չափազանց թանկ գին ենք վճարել այդ անկախությունն ու ազատությունը նվաճելու համար եւ այսօր իրավունք չունենք այն վտանգի ենթարկել: "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած հարց, սակայն ոչ մեր անկախության եւ անվտանգության հաշվին",- ավելացրել է Նախագահը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակության վերաբերյալ Նախագահի գնահատականին, ապա Բակո Սահակյանի խոսքով, ԼՂՀ զինված ուժերի ռազմական պատրաստվածությունը, ինչպես կրկին անգամ ցույց տվեցին այս զորավարժությունները, գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկրի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը ի վիճակի է կասեցնել մեր անկախությանն ու անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգություն եւ Ադրբեջանի ագրեսիայի դեփքում, ռազմական գործողությունները տեղափոխել հակարակորդի տարածքի խորքերը:
2008-10-25