Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ
Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներից: Միաժամանակ Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը: Իր հերթին Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Հանդիպմանն արծարծվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական եւ ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չփոխկապակցված գործընթացներ են: