ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ
Հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, Նախագահը նշել է, որ պետք է էլ ավելի արագացնել անցած տարվա նոյեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հնչած դրույթների իրականացման գործընթացը: Խոսելով շրջաններում անապահով ընտանիքների պայմանների բարելավման մասին, երկրի ղեկավարը կարեւորել է կառավարման համապատասխան օղակների եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը: