Ինչպես արդեն տեղեկացվել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` "Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նոյեմբերի 19-ին Բակո Սահակյանը Բոստոն քաղաքում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ), ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ երիտասարդական միության, "Հոմենտմեն" միության եւ "Համազգային" մշակութային միության ներկայացուցիչների հետ: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՕՄ կենտրոնական գրասենյակում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերին, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, ՀՕՄ-ի հետ փոխհարաբերությունների նոր ձեւաչափն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները: Ըստ Նախագահի, այդ ձեւաչափը, որի հիմքում է սփյուռքահայ կազմակերպությունների եւ ԼՂՀ գործադիր իշխանության միջեւ սերտ փոխգործակցությունը, արդյունավետ համագործակցության հուսալի գրավականն է:
Երկուստեք կարեւորվել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնման եւ դրանց նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել սփյուռքահայ երիտասարդների Արցախի հետ կապերի ամրապնդման, Արցախ այցերին ավելի հաճախակի բնույթ հաղորդելու եւ հայրենիքի զարգացման գործում մասնակից դարձնելու խնդրին:
Նոյեմբերի 19-ին ԼՀՂ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Կերոլայն Մուգարի, փոխնախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունիի եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ամերիկայի հայկական համագումարի եւ Արցախի միջեւ համագործակցության ներկա փուլը, ինչպես նաեւ ընդլայնման ու խորացման հեռանկարները:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել համագումարի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում, միաժամանակ նշելով Արցախում ժամանանակից գիտատար տեխնոլոգիաների ներդրման, կրթության զարգացման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խնդիրներին առանձնակի ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Այնուհետեւ ԼՂՀ Նախագահը մասնակցել է Ամերիկայի հայկական համագումարի Նոր Անգլիայի տարեկան շրջանային հավաքին: Միջոցառմանը ներկա էին համագումարի ղեկավարությունը` հոգեբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Բոստոնի ու Մասաչուսեթս նահանգի հայ համայնքների ներկայացուցիչներ:
Բակո Սահակյանը հավաքվածներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերին:
Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է նաեւ Մասաչուսեթս նահանգի մի խումբ հայ գործարարների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում ներդրումների կատարմանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նույն օրը Բակո Սահակյանը Բոստոն քաղաքում հանդիպում է ունեցել մի շարք ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
"Բոստոն Գլոբ", "Արմենիան Միրոր Սպեկտեյտոր" եւ "Հայրենիք" թերթեթի թղթակիցների հետ հարցազրույցի ժամանակ Բակո Սահակյանը պատասխանել է ԱՄՆ-ի եւ ԼՂՀ երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող բազմաթիվ հարցերին:
Բոստոնում կայացած ԼՂՀ Նախագահի հանդիպումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2008-11-19