Հուլիսի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցը ԼՂՀ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձեւավորվող այն ողջունելի ավանդույթը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատանքային այցերը սկսում են Արցախից, նոր լիցք կհաղորդեն երկու հայկական պետությունների փոխհարաբերություններին եւ փոխգործակցությանը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները` ի դեմս կառավարության, կանեն ամեն ինչ Արցախին աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ղարաբաղյան կողմից հանդիպմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:
2008-07-04