Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից ժամանել է Փարիզ: Նոյեմբերի 27-ին Նախագահը հանդիպում է ունեցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին եւ նրա ղեկավարին` Եվրոպայում <<Հեռախոսամարաթոն-2010>>-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին: Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարեւոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում: Քննարկվել են նաեւ առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: