Այցելություն Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, ծխական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը կարեւոր է համարել թեմի նոր` Սրբոց Ղեւոնդյանց Մայր տաճարի կառուցումը` նշելով, որ այս եկեղեցին ոչ միայն հայ ճարտարապետության կոթողներից մեկն է, այլ նաեւ մեծ դերակատարություն կունենա Սփյուռքում ազգապահպանության գործում: Հանդիպման ժամանակ արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ներդրումը Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: