Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Սպայի տան մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների հետ, որոնք Արցախ են ժամանել "Բեյզ Մեթըլս" ընկերության հրավերով:
Բակո Սահակյանը կարեւորել է նման այցելությունների կազմակերպումը եւ նշել, որ նրանք պետք է պարբերական բնույթ կրեն եւ նպաստեն Արցախի շենացման գործում հայության ջանքերի համախմբմանը:
Անմիջական եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը ուսանողները բազմաթիվ հարցեր ուղեցին ԼՂՀ Նախագահին: Հատուկ հետաքրքրության կենտրոնում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների ենթատեքստում:
Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցությամբ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախի անկախությունը ու անվտանգությունը ենթակա չեն որեւէ շահարկումների եւ սակարկության:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, հատկապես ազգերի ինքնորոշման վերաբերվող դրույթները: Բակո Սահակյանը ողջունել է նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, միաժամանակ նշելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման ցանկացած ծրագրում պետք է ընգգրկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2008-09-27