ԼՂՀ Նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ օրենքներ
Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Արայիկ Լազարյանին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ նշանակելու եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Հայրապետյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի դատախազի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նույն օրը Նախագահը հրամանագիր է ստորագրել նաեւ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանին իր դիմումի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի դատախազի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Բորիս Մելքումյանը: Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ "Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին", "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին", "Տեղական հանրաքվեի մասին", "Աշխարհագրական անվանումների մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին" ԼՂՀ օրենքները: